Հաճախ կարող ենք լսել` Հայաստանում զբաղմունք չկա, մշակույթը չի զարգանում, էստրադան անորակ է… կարող ենք երկար թվել նման արտահայտություններ, որոնք համընդհանուր կարծիք են ձևավորում: Ի՞նչ կպահանջի հասարակությունը այն էլ կտանք, թե ի՞նչ առաջարկենք այն էլ կընդունի: Այս հարցի պատասխանը շատ հարաբերական է, բայց ի սկզբանե այդ նույն հասարակությունը պետք է ունենա որոշակի ձևավորված ճաշակ որով կառաջնորդվի, իսկ ո՞վ է այդ ճաշակի թելադրողը: Հարցի պատասխանը գտեք ինքներդ, իսկ ես անցնեմ բուն թեմային: Եվ այսպես արվեստը զարգացնելու, երիտասարդներին ինքնաարտահայտվելու, ստեղծագործական-մրցակցային դաշտ ստեղծելու համար 2013 թվականին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինսիտուտը և Երիտասարդ ստեղծագործողների միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, ստեղծում են ամենամյա «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական բաց փառատոնը` մեկ տանիքի ներքո խորագրով: Փառատոն, որն ունի մրցութային բնույթ, որտեղ կարող են մասնակցել բոլոր 16-30 տարեկան ստեղծագործ անձինք, որոնք ունեն ասելիք, և ցանկանում են փորձել իրենց ուժերը: Իհարկե մասնակիցները հնարավորություն կունենան շփվել արվեստի նշանավոր ներկայացուցիչների հետ, տեղի կունենա փորձի փոխանակում, որը խթան կհանդիսանա ինքնակատարելագործման համար: «ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնը համախմբում է արվեստի ներկայացուցիչներին արվեստի հետևյալ տեսակներում՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն), դիզայն և դեկորատիվ-կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում: Իսկապես ստացվում է, բոլոր ստեղծագործ անձինք մի քանի օրով հայտնվում են մեկ՝ ընդհանուր, տանիքի տակ, ինքներդ պատկերացրեք, թե ինչ հետաքրքիր միջավայր է ստեղծվելու: «ԱՐՏ ՖԵՍՏ» -ը ստեղծվեց որպեսզի մեր երիտասարդությունը հենարան ունենա, լինի համարձակ, ազատ, կարողանա օգտագործել երևակայությունը, չվախենա չհասկացվելուց և չընդունվելուց: Օգտագործեք ձեր ժամանակը հօգուտ ձեզ, գնահատեք ձեր ունակությունները՝ զարգացրեք ձեր ստեղծագործական երևակայությունն ու ներկայացեք համարձակ, որովհետև դուք ունեք «ԱՐՏ ՖԵՍՏ»: Փառատոն, որտեղ կարող ես ներկայացնել քո ամենահամարձակ ստեղծագործական «խենթությունը», փառատոն, որը տալիս է «սխալվելու» հնարավորություն՝ Կոլումբոսի սխալ գործելու հնարավորություն։ Չէ, որ Կոլումբոսն ինքն էլ դուրս էր եկել բաց օվկիան նավարկության՝ Հնդկաստանը գտնելու համար, երբ հայտնաբերեց Ամերիկան։ Սիրելի երիտասարդներ դուք ունեք այդպիսի հնարավորություն։ Ուրախությամբ նկատում ենք, որ տարեց-տարի փառատոնը զարգացում է ապրում: 2013 թվականին մասնակիցների թիվը հասնում էր 130-ի, 2014-ին՝ 200, 2015 ցանկացողների թիվը հատեց 300-ը, 2016-ին փառատոնին մասնակցեց շուրջ 430 երիտասարդ: Իսկ ահա այս տարի մասնակիցների թիվը հատում է 500-ը։ Ասում են աքլորի տարին բուռն է լինելու, այս հեռատեսությունը կարող ենք կապել նաև փառատոնի հետ։ Նրանք ովքեր հասցրել են հայտագրվել մաղթում ենք հաջողություն: «Արտ Ֆեստ» փառատոնը ստեղծագործ երիտասարդների շրջանում հայտարարում է նոր՝ մշակութային, ակտիվ, եռանդուն, նորարար, մշակութային Հայաստան:
«ԱՐՏ ՖԵՍՏ»-ի պաշտոնական կայք՝ http://artfest.am/