Չգիտեմ էլ , թե՞ ինչ

Կխոստովանեմ և  կասեմ, որ վաղուց է ինչ չեմ փորձել ինչ որ բան գրել, երևի ասելու բան չեմ ունեցել, կամ վախեցել եմ գրել այն ինչ ուզում եմ, ու այն ինչ զգում եմ:  Երկարատև  ընդմիջումից հետո, հասկացա, որ առօրիայիս մեջ մի բան այն չէ, որ լիարժեք չեմ:   Հանկարծակի  բացեցի  բլոգիս էջը, թերթեցի  արխիվս ու զարմացա,  միթ՞ե երկու  տարի շարունակ  ես ապրել եմ բլոգիս հետ, միթ՞ե ինչ որ մեկը  կարդացել է այն գրառումներս, որոնք  ունեմ այստեղ: Այս հացերը, բոլորն էլ ունեն իրենց  պատասխանները, ուղղակի դրանք ինձ  չեն  բավարարում: Մեղավոր եմ ինձ զգում, որ գրառումներս մի քանի ամիսների ընթացքում  չեն  շատացել, էլ ավելի հետաքրքիր չեն դարձել,  էլ ավելի չեն կարդացվել, սակայն մենք բոլորս էլ  սխալվում ենք, կարևորը սխալը  հասկանալն  է ու  ուղղելը, դե ես արդեն հասկացել եմ,  ու կփորձեմ ուղղել:

Բոլորիս կյանքում էլ, լինում են  ժամանակներ, որ ինչ որ բանի պակաս  ենք զգում, ինչ որ բանի ավելցուկ, զգում  ենք, որ  մի բան  պետք  է փոխել,  բայց որտեղից սկսել ու որտեղ ավարտել միշտ  դժվարանում ենք հասկանալ: Երբ հասկանում ենք արդեն  ուշ է լինում,  արդեն աղին  շատանում է ու քաղցրն  էլ կորցնում է իր կարևորոթյունը: Փորձելով  փոխել չնչին  երևույթ, ճանապարհին հանդիպում ենք շատ-շատ դժվարություններ, որոնցից ամենատհաճը ≤դու≥ -դ է, այն մեկը չէ, որ ասում է.

-Դե՛ վեր կաց, մի բան արա, կյանքդ գնում է, իսկ դու ֆեյսբուքում չատ  ես անում:

Այս մեկն է, որը  որ քողարկում է  ալարկոտությունդ  ու  համոզում, որ  այդ նույն  բանը  վաղն  էլ կարող  ես անել:

Հենց այս  երկխոսություններով  ամառ   ունեցա: Ամառը  վերջացավ, եկավ  ամենաբարդ ամիսը՝սեպտեմբերը, սա էլ անցավ եկավ հոկտեմբերը և ալարկոտ ես -իս գրողի ցոծը  ուղղարկելով, հպարտ եմ դուրս գալիս բարդ,  ու ոչ հաճելի մենամարտից:

ՙՈւղղակի մտածելով և մտքերիդ վերլուծականներ անելով, հասկանում ես, որ  ամեն  ինչ այդքան էլ վատ  չի, ինչքան, որ թվում է:  Ուղղակի մտածելով, հասնում ես հոգուդ խաղաղությանն ու հանգստությանը, մտածելով ի վերջո  հասկանում  ես, որ մարդ ես այլ ոչ անասուն:  Մի վախեցեք, որ գիշերը չեք քնում և, որ  տարբեր  մտքեր են գալիս ու  գնում, հենց այդ մտքերն են, որ  առավոտյան  գործելու հնարավորություն են տալիս: Մտածե՛ք, ու  եղե՛ք, մտավոր ունակությունները  աշխատեցնող անձնավորություններ:

Հ.Գ Ընդհամնեւ մի քանի րոպեյում  գրեցի այն  ինչ  մտածում է, առանց  եկրորրդ անգամ  մտածելու 🙂

large (35)

Խորխե Լուիս Բորխես. Պարացելսի վարդը

Իր արհեստանոցում, որը նկուղային երկու սենյակ էր ներառում, Պարացելսը խնդրեց իր Աստծուն, իր անորոշ Աստծուն, ցանկացած Աստծո, որ իրեն աշակերտ ուղարկի: Մութն ընկնում էր: Բուխարու թույլ կրակն անկանոն ստվերներ էր նետում: Երկաթե ճրագը վառելու համար վեր կենալը շատ ջանք կպահանջեր: Խոնջանքից ընդարմացած Պարացելսը մոռացավ իր աղոթքը: Գիշերն արդեն ջնջել էր փոշոտ թորման կաթսաններն ու խողովակը, երբ դուռը ծեծեցին: Նա քնկոտ վեր կացավ, բարձրացավ կարճ պտուտակաձև սանդուղքն ու բացեց փեղկերից մեկը: Մի անծանոթ մտավ: Նա նույնպես շատ հոգնած էր: Պարացելսը նրան առաջարկեց նստել. հյուրը նստեց ու սպասեց: Որոշ ժամանակ ոչ մի բառ չփոխանակեցին:

Ուսուցիչն առաջինը խոսեց:

– Արևմտյան ու արևելյան շատ դեմքեր եմ հիշում, – ասաց որոշակի ճոռոմությամբ: – Քոնը չեմ հիշում: Ո՞վ ես և ինձնից ի ՞նչ ես ուզում:

– Իմ անունը ոչ մի նշանակություն չունի,- պատասխանեց մյուսը: – Երեք օր ու երեք գիշեր քայլել եմ` քո տուն մտնելու համար: Ուզում եմ լինել քո աշակերտը: Քեզ եմ բերել այն ամենը, ինչ ունեմ:

Մի պարկ հանեց և շուռ տվեց սեղանի վրա: Այնտեղ բազմաթիվ ոսկե դրամներ կային: Պարկը նրա աջ ձեռքում էր: Պարացելսը, ճրագը վառելու համար, մեջքը նրան էր դարձրել: Երբ շրջվեց, կռահեց, որ ձախ ձեռքում վարդ կա: Վարդն անհանգստացրեց նրան:

Թիկնեց, հանգուցեց մատների ծայրերն ու ասաց,

– Քո կարծիքով ես կարող եմ մշակել այն քարը, որը բոլոր տարրերը ոսկու է վերածում, և ինձ ոսկի ես բերել: Իմ փնտրածը ոսկին չէ, և եթե ոսկին քեզ համար կարևոր է, երբեք իմ աշակերտը չես դառնա:

– Ոսկին ինձ համար կարևոր չէ,_ պատասխանեց մյուսը: _ Այս դրամներն ընդամենը աշխատելու իմ ցանկության մի մասն են: Ուզում եմ, որ սովորեցնես ինձ Արվեստը: Ուզում եմ քո կողքին անցնել ամբողջ ճանապարհը, որը տանում է դեպի Քարը:

Պարացելսը դանդաղ ասաց.

– Ճանապարհը Քարն է: Ելակետը Քարն է: Եթե այս խոսքերը չես հասկանում, ուրեմն դեռ չես սկսել հասկանալ: Քո կատարած յուրաքանչյուր քայլը նպատակակետն է:

Մյուսը տագնապով նայեց: Փոխված ձայնով ասաց.

– Բայց նպատակակետ կա ՞:

Պարացելսը ծիծաղեց:

– Իմ բանսարկուները, որոնք որքան շատ են, այնքան էլ հիմար, ասում են, որ չկա, և ինձ սուտասան են անվանում: Նրանք իրավացի չեն, բայց բացառված չէ, որ ես մոլորյալ լինեմ: Գիտեմ, որ «կա» մի Ճանապարհ:

Լռություն տիրեց, և մյուսն ասաց.

– Պատրաստ եմ անցնելու այն քեզ հետ, նույնիսկ եթե ստիպված լինենք երկար տարիներ քայլել: Թո°ւյլ տուր ինձ կտրել անապատը: Թու°յլ տուր ինձ գեթ հեռվից նշմարել խոստացված երկիրը, նույնիսկ եթե աստղերն ինձ թույլ չտան այնտեղ քայլ գցել: Ճանապարհ ընկնելուց առաջ ապացույց եմ ուզում:

– Ե ՞րբ,- անհանգիստ ասաց Պարացելսը:

– Հենց հիմա,- կտրուկ վճռականությամբ ասաց աշակերտը:

Սկզբում լատիներեն էին խոսում, այժմ` գերմաներեն:

Տղան օդում բարձրացրեց վարդը:

– Ասում են,- ասաց,_ որ դու կարող ես այրել վարդն ու քո արվեստի միջոցով մոխրից վերականգնել այն: Թու°յլ տուր, որ ականատես լինեմ այդ հրաշքին: Դա է իմ խնդրանքը, իսկ հետո կտամ քեզ ամբողջ կյանքս:

– Շատ դյուրահավատ ես,- ասաց ուսուցիչը: – Ես դյուրահավատության կարիք չունեմ. ես հավատ եմ պահանջում:

Մյուսը պնդեց.

– Հենց այն պատճառով, որ դյուրահավատ չեմ, ուզում եմ սեփական աչքերով տեսնել վարդի վախճանն ու հարությունը:

Պարացելսը վերցրել էր այն և խոսելիս խաղում էր վարդի հետ:

– Դու դյուրահավատ ես,- ասաց: – Ասում ես, որ ես կարող եմ ոչնչացնե ՞լ այն:

– Ոչ ոք անկարող չէ այն ոչնչացնել:

– Սխալվում ես: Գուցե պատահաբար կարծում ես, որ ինչոր բանը կարելի է վերադարձնել ոչնչի ՞: Մի ՞թե կարծում ես, որ Դրախտում առաջին Ադամը կարող էր թեկուզ մեկ ծաղիկ կամ խոտի շյուղ ոչնչացնել:

– Մենք Դրախտում չենք,- համառորեն ասաց տղան.- այստեղ` լուսնի ներքո, ամեն ինչ մահկանացու է:

Պարացելսը ոտքի էր կանգնել:

– Ուրիշ որտե ՞ղ ենք: Մի ՞թե կարծում ես, որ աստվածությունը կարող է մի վայր ստեղծել, որը Դրախտ չլինի: Մի ՞թե կարծում ես, որ Անկումն այլ բան է, քան անտեղյակությունը, որ Դրախտում ենք:

– Վարդը կարող է այրվել,- մարտահրավերի պես ասաց աշակերտը:

– Բուխարում դեռ կրակ է մնում,- ասաց Պարացելսը:- Եթե այս վարդն ածուխների մեջ նետեիր, կկարծեիր, որ այն քայքայվել է, և որ մոխիրն իսկական է: Ասում եմ քեզ, որ վարդը հավերժական է, և որ միայն դրա տեսքը կարող է փոխվել: Ինձ մի բառը բավական կլիներ, որպեսզի նորից տեսնեիր այն:

– Մի բա ՞ռը,- զարմանքով ասաց աշակերտը: – Թորման կաթսան հանգցրած է, իսկ խողովակները փոշով են լցված: Ի ՞նչ կանեիր, որ այն նորից հայտնվեր:

Պարացելսը տխրությամբ նայեց նրան:

– Թորման կաթսան հանգցրած է,- կրկնեց,- իսկ խողովակները փոշով են լցված: Իմ երկար ուղու այս հատվածում այլ գործիքներ եմ օգտագործում:

– Չեմ հանդգնում հարցնել` որոնք,- ասաց մյուսը խորամանկությամբ կամ հեզությամբ:

– Խոսում եմ նրանց մասին, որոնք օգտագործել է աստվածությունը, որպեսզի ստեղծի երկինքները, երկիրն ու անտեսանելի Դրախտը, որտեղ գտնվում ենք, և որը մեզնից թաքցնում է նախածին մեղքը: Խոսում եմ Բառի մասին, որը մեզ սովորեցնում է Կաբալայի գիտությունը:

Աշակերտը սառնորեն ասաց.

– Խնդրում եմ քեզ, որ շնորհ անես ցույց տալու վարդի անհետացումն ու հայտնությունը: Ինձ համար կարևոր չէ` կաթսաները կօգտագործես, թե Բանը:

Պարացելսը մտորեց: Ի վերջո, ասաց.

– Եթե ես դա անեի, կասեիր, որ դա քո աչքերի մոգությամբ ներշնչված տեսիլք է: Հրաշքը քո փնտրած հավատը չէր տա: Այնպես որ թո°ղ վարդը:

Երիտասարդը, շարունակ տագնապելով, նայեց նրան: Ուսուցիչը բարձրացրեց ձայնը:

– Բացի դրանից` ո ՞վ ես դու, որ ուսուցչի տուն մտնես ու նրանից հրաշք պահանջես: Ի ՞նչ ես արել` նման շնորհի արժանանալու համար:

Մյուսը դողդոջուն պատասխանեց.

– Գիտեմ, որ ոչինչ չեմ արել: Հանուն այն բազում տարիների, որ կսովորեմ քո ստվերի ներքո, խնդրում եմ քեզ, որ թույլ տաս` տեսնեմ մոխիրն ու հետո` վարդը: Ուրիշ ոչինչ չեմ խնդրի: Կհավատամ աչքերիս վկայությանը:

Կտրուկ վերցրեց բոսոր վարդը, որ Պարացելսը թողել էր իր գրասեղանին, և նետեց բոցերի մեջ: Գույնը կորավ, և միայն մի փոքր մոխիր մնաց: Անվերջանալի մի վայրկյանի ընթացքում սպասեց բառերին ու հրաշքին:

Պարացելսը չէր այլայլվել: Հետաքրքրական պարզությամբ ասաց.

– Բազելի բոլոր բժիշկներն ու դեղագործները հաստատում են, որ ես խաբեբա եմ: Գուցե նրանք ճիշտ են ասում: Ահա մոխիրը, որը վարդ էր և այլևս չի լինի:

Տղան ամոթ զգաց: Պարացելսը ստախոս էր կամ մի սովորական երազող, իսկ ինքը` ինքնակոչը, եկել էր նրան դուռն ու հիմա ստիպում էր խոստովանել, որ նրա հռչակավոր մոգական արվեստը սին է:

Ծնկի իջավ և ասաց.

– Ես ինձ աններելի էի պահում: Ինձ պակասում էր հավատը, որ Տերը պահանջում է հավատացյալներից: Թո°ղ` առայժմ մոխիր տեսնեմ: Երբ ավելի ուժեղ լինեմ, կվերադառնամ և կլինեմ քո աշակերտը, Ճանապարհի վերջում կտեսնեմ վարդը:

Անկեղծ կրքով էր խոսում, բայց այդ կիրքը կարեկցանքն էր, որ ներշնչում էր նրան ծեր ուսուցիչը` այդքան պատկառելի, այդքան տառապած, այդքան ականավոր և ուստի այդքան սնամեջ: Ո ՞վ էր ինքը` Յոհաննես Գրիզեբախը, որպեսզի պիղծ ձեռքով մերկացներ, որ դիմակի ետևում ոչ ոք չկա:

Ոսկե դրամները նրան թողնելը ողորմություն կլիներ: Դուրս գալիս նա նորից վերցրեց դրանք: Պարացելսն ուղեկցեց նրան մինչև սանդուղքն ու ասաց, որ նա միշտ լավ ընդունելություն կգտնի այդ տանը: Երկուսն էլ գիտեին, որ այլևս չեն հանդիպելու:

Պարացելսը մնաց մենակ: Ճրագը հանգցնելուց և խոնջացած բազկաթոռին նստելուց առաջ կորացրած ափի մեջ շուռ տվեց մի բուռ թեթև մոխիրն ու ցածրաձայն մի բառ ասաց: Վարդը հայտնվեց:

աղբյուրը ՝ http://www.heraditak-blog.com/2014/06/blog-post_29.html