100 դրամ և ոչ ավելի…. Ահա այսպիսի նյութերով է հեղեղված ֆեյսբուքը և ամբողջ համացանցը, փողոցներում անընդմեջ լսվում են գոռգռոցներ, կոչեր, զգուշացումներ (վերջիններս արվում էին ՀՀ Ոստիկանության աշխատակիցների կողմից), բոյկոտ, պայքար, ակցիաներ: Սկզբում շատ անլուրջ էի վերաբերվում այս ամենին, ու ամեն անգամ նոր նյութ տեսնելիս ուղղկի շրջանցում էի: Համոզված էի, որ եթե նույնիսկ իրար ուտենք, ոչինչ չի փոխվելու: Սակայն…
Այսօր լրիվ պատահական ընկերուհուս հետ հայտնվեցինք Մաշտոցի պուրակում, որտեղ տեսանք այն, ինչ տեսել էինք միայն համացանցում: Իրական բոյկոտ՝ պաստառներ, բազմաթիվ ոստիկաններ, ավտոմեքենաների ազդանշաններ, միասնական ժողովուրդ: Հասարակության ամենախոցելի՝ միևնույն ժամանակ ամենաակտիվ խավը՝ երիտասարդությունը, պայքարում էր իր իրավունքների համար, կոչ էր անում չ՛ենթարկվել, այսպես ասած օրենքին, և վճարել այնքան, ինչքան վճարել ենք միշտ: Պետք է նկարահանվեր այն, ինչ տեղի էր ունենում Մաշտոցի պուրակում, իսկ այնտեղ շատ բաներ էին տեղի ունենում…(տես՛ ֆիլմի մեջ, ընկերուհիս մի քանի րոպեում դարձավ օպերատոր): Չհապաղեցինք ,անցանք գործի, նկարահանեցինք ու մասնակից դարձանք բոյկոտին: Ողջունելին այն էր, որ պատահական անցնորդներին էլ էր հետաքրքրում պայքարը և նրանք մեծ սիրով միանում էին ակցիային:
Այսօր ոչ միայն դարձա ակտիվ քաղաքացի, այլ հասկացա մի հանելուկ: Երբ անցնում ես ու կոչ ես անում վճարել 100 դրամ, շատերը արձագանքում են տրամաբանությանը ոչ մոտ, օրինակ՝ 150 դրամ և ոչ պակաս, հետաքրքիր է էս քաղաքացին ուղեղով է մտածում թե…(Շարունակեք ինքներդ:): Կամ ավելի վատ օրինակ՝ դե զզվցրիք էլի արա…: Ու հենց այստեղից ես հասկացա նաև մեր քաղաքացիերի քաղաքական դիրքորոշումը, որն ինձ համար նոր բացահայտում էր:
Քաղաքը թնդում է, գոռում է, պայքարում է, բայց մեկը կա, որ միշտ լռում է: Ո՞ւր է տրանսպորտի նախարարը: Ո՞ւր են նրա մամլու ասուլիսները, ինչու այսքան ժամանակ ոչ մի տող չգրվեց նրա կողմից: Դե պարզ է, ամառա մարդը պարտքով փող է վերցրել գնացել է հանգստանալու՝ հույս ունենալով, որ մեր 150 դրամներով կարող է պարտքը փակել:
Բայց դե, եթե պայքարում ենք, պետք է պայքարենք այնքան, որքան հարկավոր է հասնելու մեր ուզածին՝արդարությանը: Այսօր նաև ինքնավստահություն զգացի, երբ զրուցեցի բոյկոտի ամենաակտիվ մանսակիցների հետ, նրանք շատ համոզիչ էին խոսում: Իմ հարցին, թե որքան եք պատրաստ պայքարել, մասնակիցը շատ հստակ պատասխանեց, որ չի դադարելու պայքարել այնքան ժամանակ, մինչև չհանսի իր ուզածին, հավելեց նաև, որ երբ այս 150 դրամների պայքարը ավարտվի, կսկեն պայքարել նրա համար, որ ուսանողության համար քաղաքային տրանսպորտն անվճար դառնա:
Ահա այս հստակությամբ բոյկոտը կշարունակվի: Հաստատ ու մենք կմիանանք: